Երեկ Երևանի Կամերային թատրոնում տեղի ունեցավ նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի 90-ամյակին նվիրված հուշ-երեկո, որի կազմակերպիչն էր ՀՀ մշակույթի նախարարությունը: Հուշ-երեկոյի ժամանակ ներկայացվեցին Վալենտին Պոդպոմոգովի գեղանկարչական աշխատանքները, այնուհետև՝ ցուցադրվեց նկարչի կյանքին նվիրված «Իսկական երևանցի» կիսահումորային ֆիլմը: Ֆիլմը պատմում էր Պոդպոմոգովի մանկության, պատանեկության, ստեղծագործական անցած ուղու, նրա սերերի, ընկերների մասին:
Վալենտին Պոդպոմոգովը 1938 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես նկարիչ: Նա համարվում է ավելի քան քսանհինգ ֆիլմերի բեմադրող-նկարիչ, որոնց շարքում են՝ «Կարինե», «01-99», «Առաջին սիրո երգը», «Ճանապարհ դեպի կրկես», «Անձնապես տեղյակ է» և այլն: 1960-ականներին նա նպաստել և մեծ ավանդ է ունեցել հայկական մուլտֆիլմի զարգացման գործում: Նրա աշխատանքի շնորհիվ բացվել է «Հայֆիլմ»-ի մուլտ ստուդիան: 1967 թվականից Պոտպոմոգովը էկրանավորել է այնպիսի մուլտֆիլմեր, ինչպիսիք են՝ «Մի կաթիլ մեղր», «Փարվանա», «Գարսևանը արձակուրդում» և այլն: Նա եղել է նաև Երևան քաղաքի գլխավոր նկարիչը: Գեղանկարչությամբ սկսել է զբաղվել հիսուն տարեկանում: Նրա ամենահայտնի գործերից են՝ «Խորհրդավոր ընթրիք», «Կարոտախտ», «Ես կամ»: Պոդպոմոգովի ստեղծագործությունների մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում «Անդրանիկ»-ը, «Ռեքվիեմ-1915»-ը, «Կոմիտաս»-ը, «Հորովել»-ը, ինչպես նաև՝ զարմանահրաշ «Արցախ»-ը՝ դեպի երկինք սլացող մոնումենտալ խաչքարը:
Հատկանշական է, որ երեկ, հուշ-երեկոյի ժամանակ Վալենտին Պոդպոմոգովին հիշելիս ռուսերեն ելույթներ ունեցան Կամերային թատրոնի տնօրեն Արա Երնջակյանը և նկարչի դուստրը՝ Եվգենիա Պոդպոմոգովան: Ճարտարապետ Լևոն Իգիթյանի ելույթն էլ համեմված էր հայերենի և ռուսերենի խառնուրդով: